Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Բոլորովին պատահական չեն խոսակցությունները, թե այս կամ այն օլիգարխն ուզում է ունեցվածքը վաճառել և հեռանալ Հայաստանից»

«Բոլորովին պատահական չեն խոսակցությունները, թե այս կամ այն օլիգարխն ուզում է ունեցվածքը վաճառել և հեռանալ Հայաստանից»
27.06.2008 | 00:00

«ԵԽԽՎ-Ն ՓԱՍՏՈՐԵՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ Է ՃՆՇՄԱՆ ԼԾԱԿՆԵՐԸ»
Հայաստանում ներքաղաքական իրադրության իր բնութագրականն է ներկայացնում Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի (ՌԱՀԿ) փորձագետ, վերլուծաբան ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
-Պարոն Սարգսյան, ԵԽԽՎ նստաշրջանը Հայաստանին ձայնից զրկելու որոշում չընդունեց, այլ մինչև հունվար ժամանակ տվեց իշխանություններին` 1609 բանաձևի պահանջները կատարելու համար։ Չե՞ք կարծում, որ սա էապես թուլացնելու է ընդդիմության դիրքերը, քանի որ սպասված արտաքին ճնշումն իշխանությունների վրա այն ուժգնությունը չունի, ինչ ակնկալում էր ընդդիմությունը։
-ԵԽԽՎ-ի այսպիսի որոշումը կանխատեսելի էր։ Սկզբունքորեն բացարձակապես անիմաստ էր Հայաստանին ձայնից զրկելու որոշում ընդունելը։ Այն մեծ հաշվով որևէ արդյունքի չէր հանգեցնի, իսկ այսպես ԵԽԽՎ-ն փաստորեն պահպանում է ճնշման լծակները, ինչն իր քաղաքականության տեսակետից, անշուշտ, ավելի արդյունավետ է։
Համամիտ չեմ այն թեզին, թե սա թուլացնում է ընդդիմության դիրքերը։ Ճիշտ հակառակը, որովհետև իշխանությունները, իմ կարծիքով, 1609 բանաձևի որևէ պահանջ իրականում չեն կատարել և կատարելու մտադրություն էլ չունեն։ Այս ամենն արդեն սկսում է նմանվել ոչ թե իմիտացիայի, այլ իր մեջ պարունակում է ավանտյուրայի, եթե կուզեք` աֆերիզմի տարրեր։ Էլեկտրոնային ԶԼՄ-ները գրեթե ամբողջությամբ իշխանության ձեռքին են, հատկապես հեռուստատեսությունը։ Եթե այդ հանգամանքն առկա է և այդ դաշտում փոփոխության որևէ միտում չկա, մնացածը որևէ էական նշանակություն չունի։ Որովհետև կարելի է մի բան հայտարարել, բոլորովին այլ բան անել, մի երրորդ բան ներկայացնել: Ընդդիմությունն ինֆորմացիոն առումով պայքարի մեծ ռեզերվներ չունի հանրությանն իրական վիճակը ներկայացնելու, եթե կրկին չդիմի զանգվածային միջոցառումներ անցկացնելու մարտավարությանը։ Իսկ իշխանություններին բոլորովին էլ ձեռնտու չէ 1609 բանաձևի կատարման ուղղությամբ որևէ առարկայական քայլ կատարել։
-Ինչո՞ւ եք այդպես համոզված։
-Հայաստանում ստեղծված համակարգը կլանային-օլիգարխիական է։ Այդ իրողությունն իր զեկույցում ամրագրեց նույնիսկ իշխանական մեծամասնության կողմից նշանակված մարդու իրավունքների պաշտպանը։ Օլիգարխիական համակարգերի գոյության առաջնահերթ նախապայմանները երկուսն են` տնտեսական մոնոպոլիաների ձևավորում և պահպանում ու դրան զուգահեռ` մոնոպոլիայի հաստատում տեղեկատվական դաշտում։ Ըստ որում, սա միայն Հայաստանին բնորոշ դրսևորում չէ, աշխարհում շատ երկրներ կան, որ կառավարվում են օլիգարխիայի կողմից, և այդ երկրներում էլ օլիգարխիան առաջնորդվում է նույն չափորոշիչներով, ինչ Հայաստանում։
Ներկայիս, այսպես ասած, նոր իշխանությունները, իմ կարծիքով, չեն կարող դիմել համակարգային խորքային փոփոխությունների, որովհետև դրանով թուլացնում են սեփական դիրքերը, ինչով իշխանությունը շահագրգռված լինել չի կարող։ Ծիծաղելի է իշխանությունից պահանջել, որ նա իր ձեռքով փորի սեփական գերեզմանը։
-Սակայն նույն իշխանությունը պնդում է, որ հակված է բարեփոխումների, նույնիսկ ավելի խորքային, քան վերոհիշյալ 1609 բանաձևի պահանջներն են։ Այլ կերպ ասած, ամեն դեպքում, եթե անգամ ԵԽԽՎ պահանջների մի մասն էլ կատարվի, իշխանությունը դրանով ձեռք կբերի որոշակի վստահություն և կամրապնդի իր դիրքերը։
-Այդ կարծիքին չեմ։ Եթե խոսքը վերաբերում է քաղկալանավորներին ազատ արձակելուն, ապա իշխանությունները դա այսպես թե այնպես անելու են, որովհետև նրանց բանտում պահելու այդքան ուժ չունեն։ Այն արտաքին մեկուսացումը, որի մեջ հայտնվել է Հայաստանը նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում, իր մեջ այնքան մեծ ճնշման ներուժ է պարունակում, որ իշխանությունը չի կարող դրան դիմանալ։ Այդ պատճառով էլ կալանավորված ընդդիմադիրների մի մասին արդեն ազատ են արձակել, մի մասին էլ կարձակեն։ Քանզի դատախազությունը չի կարողանում բացահայտել մարտի 1-ի զարգացումներին ընդդիմության մեղսակցությունը։
-Ինչպե՞ս չի կարողանում, երբ բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, մի մասն էլ մտավ դատարան։
-Դա ոչինչ չի նշանակում։ Եկեք ընդունենք, որ մարտի 1-ի իրադարձություններին ընդդիմության մեղսակցությունն ապացուցելը նշանակում է առաջին հերթին տասը զոհերի` ութ քաղաքացիական անձանց և երկու ոստիկանների սպանության բացահայտում, ինչպես նաև ապացույցների ձեռքբերում, որ հենց ընդդիմության ներկայացուցիչներն են զբաղվել մեքենաներ այրելով և խանութներ թալանելով։ Այդ իրադարձությունների հետ կապված` ընդդիմության շարքերից ձերբակալվել է 115 հոգի, և ոչ մեկի նկատմամբ դատախազության կողմից նման մեղադրանք չի ներկայացված։ Այսինքն` չկա որևէ քրեական գործ, որով այս կամ այն ընդդիմադիր գործիչը մեղադրվեր կոնկրետ քրեական հանցագործության կատարման համար։
-Սահմանադրական կարգը տապալելու կոչերի համար մեղադրանքներ առաջադրված են։ Դատախազությունը պնդում է, որ մնացածը եղել է դրա հետևանքը։
-Դա ուղղակի լուրջ չէ։ Կոչեր անելը մի բան է, կոնկրետ քրեական հանցագործություն կատարելը` մարդ սպանելը, մեքենա այրելն ու խանութ թալանելը, բոլորովին այլ բան։ Այ, հենց այդպիսի կոնկրետ մեղադրանքներ որևէ ընդդիմադիր գործչի նկատմամբ առաջադրված չեն։ Պատահական չէր, որ ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը մամուլի ասուլիսում հայտարարել էր, թե վեհաժողովն ակնկալում է այդ իրադարձությունների ամբողջական բացահայտում։ Որովհետև եթե հարյուրից ավելի մարդ է կալանավորվում, կալանքի տակ պահվում համարյա չորս ամիս, և վերջում ոչ մի առարկայական մեղադրանք չի առաջադրվում, բնականաբար, հարցեր են առաջանում։
Հիշեցնեմ, որ մարտի 1-ին արտակարգ դրություն հաստատելու ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը հարկադրված է դիմել այդ քայլին, քանզի ընդդիմության հետ բախումների արդյունքում ութ ոստիկան հրազենային և բեկորային վնասվածքներ են ստացել։ Այն ժամանակ զոհերի մասին դեռ ոչինչ չէր ասվում։ Հիմա ոչ մի կոնկրետ քրեական գործ չկա, թե այդ ո՞ր ընդդիմադիր գործիչն է կրակել ոստիկանների վրա կամ նռնակ նետել։
-Դուք կարծում եք, որ դատախազությունը բավականաչափ պրոֆեսիոնալ չի՞ աշխատում։
-Ես կարծում եմ, որ քրեական գործը հարուցելիս իրենք կա´մ մտածել են, որ կալանքի ենթարկելուց հետո ամեն ինչ հալած յուղի պես կապացուցվի, կա´մ էլ իսկապես չեն կարողանում այդ գործը բացել։ Կամ էլ դատախազությունն ազատ չէ իր գործողություններում, որպեսզի իրական բացահայտում իրականացնի։
Հիշեցնեմ, որ մարտի 1-ի դեպքերից հետո ընդդիմադիր մամուլում և քաղաքական գործիչների կողմից բազմիցս և ոչ անհիմն առաջ է քաշվել այն թեզը կամ վարկածը, թե այդ իրադարձություններն իշխանության կողմից կազմակերպված քաղաքական դիվերսիա էին։ Եթե կոնկրետ օրինակի անդրադառնանք, ապա Լեոյի փողոցում մահացու վիրավորվել էր մի ոստիկան և զոհվել երեք, թե չորս քաղաքացի։ Բոլորը զոհվել են հրազենային վնասվածքների արդյունքում, ինչպես պնդում էր դատախազությունը, բայց ոչ մի կոնկրետ անձի նկատմամբ այդ սպանությունների համար մեղադրանք չի առաջադրվել։ Դրան ավելացնենք այն, որ շատ էին շրջանառվող լուրերը, թե ոստիկանությունը մարտի 1-ի դեպքերի ժամանակ ինչ-որ պահի լքում էր քաղաքապետարանի հրապարակն ու հարակից փողոցները, որովհետև ինչ-որ ստորաբաժանումներ կրակ են բացել հենց ոստիկանության վրա։
Այսպիսով, եթե իշխանությունը մտադիր էր մարտի 1-ի գործն ինչ-որ ձևով փակել, հիմա դատախազության գործունեության շնորհիվ պարզվել է, որ այն չի փակվում։ Ստեղծվել է շատ ավելի բարդ իրավիճակ, երբ պետք է ապացուցել ընդդիմության մեղսակցությունը, իսկ ապացույցներ փաստորեն չկան։ Բնական է, որ ընդդիմությունը հիմա ավելի հետևողականորեն կպահանջի տեղի ունեցածի բացահայտումը, և ի՞նչ է անելու իշխանությունը, պարզ չէ՞։ Իմ կարծիքով, դատախազությունը հայտնվել է անելանելի վիճակում։
-Միգուցե հենց դրա համա՞ր ստեղծվեց խորհրդարանական հայտնի հանձնաժողովը։
-Այդ հանձնաժողովն այս հարցում որևէ իրական տեղաշարժ իրականացնել չի կարող։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Ազգային ժողովի ներկայիս մեծամասնությունը գրեթե մեղսակից է նախկին նախագահի կողմից արտակարգ դրության հաստատմանը։ Հիմա իրենք պնդում են, թե այդ հարցով քվեարկություն չի եղել և այլն, բայց այդ ամենն այլևս նշանակություն չունի։ Խորհրդարանն այդ իրադարձություններից հետո ընդունել է հակասահմանադրական օրենսդրական փոփոխություններ, որոնք իրենք բնորոշեցին իբրև իրավիճակային։ Օրենքն իրավիճակային չի լինում. այն կամ բխում է երկրի սահմանադրությունից, կամ հակասում դրան։ Ներկայիս Ազգային ժողովը, փաստորեն, նախադեպ ստեղծեց այն առումով, որ երբ որևէ վարչախումբ այս երկրում իշխանությունը կորցնելու վտանգի առջև է հայտնվում, կարող է սահմանադրության խախտումով իր ուզած օրենքներն ընդունել և սահմանափակել քաղաքացիների երաշխավորված ազատությունը։
-Որքանո՞վ եք իրատեսական համարում երկխոսության միջոցով ներկա լարվածության լիցքաթափումը։
-Երկխոսությունն ո՞ւմ միջև պետք է կայանա։ Իշխանությունը սեփական սխալների հետևանքով ստեղծել է մի իրավիճակ, որից ելքը չի երևում։ Առաջիկա ներքաղաքական զարգացումների առանցքում մարտի 1-ի իրադարձությունների իրական բացահայտման հարցը, անկասկած, դառնալու է ընդդիմության կողմից առաջնահերթ շեշտադրվող խնդիրը։ Եթե այդ բացահայտումը տեղի ունենա, և մեղավորները պատժվեն, ըստ որում, անկախ նրանից, թե որ ճամբարից են, երկիրն առաջընթացի իրական հնարավորություններ կստանա։ Այսինքն` պետք է գնահատական տրվի` ինչ է տեղի ունեցել իրականում, ովքեր են մեղավոր, որպեսզի հետագայում որևէ այլ իշխանություն նույնիսկ մտքով չանցկացնի նման միջոցներով աթոռի վրա մնալ։ Եթե այդ բացահայտումը չլինի, և հասարակությանը բավարարող բացատրություններ չտրվեն, իշխանությունները գնալով կորցնելու են վերահսկողությունն իրադրության նկատմամբ։ Դա ցույց տվեց նաև հունիսի 20-ի հանրահավաքը։
-Ի՞նչ ցույց տվեց։ Իշխանությունները սկզբում մերժեցին, հետո հընթացս թույլատրեցին հանրահավաքի անցկացումը։ Եվ ժողովուրդն էլ նախկինի համեմատ ավելի քիչ էր։
-Բոլորովին էլ այդպես չէ։ Հանրահավաքը տեղի ունեցավ, որովհետև իշխանությունները թերագնահատել են ոչ այնքան ընդդիմության հնարավորությունները, որքան հասարակական տրամադրություններն ու ձգտումները։ Հիշեցնեմ, որ հանրահավաքից առաջ հայտարարվում էր, թե ոստիկանությունը վճռական է` թույլ չտալու, կանխարգելելու և այլն։ Բայց պարզվեց, որ այդպես չէ. մի քանի հազար մարդ դուրս է գալիս փողոց և առանց իշխանության թույլտվության գնում իր նախաձեռնած հանրահավաքն անցկացնելու։ Եվ ռեպրեսիվ մեխանիզմը դրա կանխարգելման ուղղությամբ այլևս չի աշխատում։ Շատ ընդդիմադիր գործիչներ նույնիսկ համոզված չէին, որ հնարավոր կլինի հանրահավաքի անցկացումը, իրավիճակը ցույց տվեց, որ երբ ժողովուրդը ցանկացավ, ստացվեց։
Իշխանության համակարգում և իշխանամետ լրատվամիջոցներում այս իրողությունը լուրջ շփոթություն է առաջացրել։ Իրավիճակն իրենց համար անհասկանալի է, որովհետև այլևս չի վերահսկվում։ Սա ստեղծված կլանային-օլիգարխիական համակարգի խորագույն ճգնաժամի վկայությունն է, երբ օլիգարխների միջև կայացած ոչ օրինական պայմանավորվածությունների հիման վրա և ընդունված «հասկացություններով» երկիրն այլևս կառավարել հնարավոր չէ։ Հասարակությունը չի ուզում դրա հետ հաշտվել և վերջ։ Այս համատեքստում բոլորովին պատահական չեն այն խոսակցությունները, թե այս կամ այն օլիգարխն ուզում է ունեցվածքը վաճառել և հեռանալ Հայաստանից։ Որովհետև օլիգարխիական համակարգը ենթադրում է այնպիսի կայունություն, որը հնարավորություն է տալիս ստվերային տնտեսության տերերին հանգիստ ներդնել իրենց գումարները և զբաղվել ստվերային բիզնեսով։ Հիմա իրավիճակը փոխվել է, և նույնիսկ իշխանական թերթերում ելույթ ունեցող մասնագետները, վերլուծաբանները դա են պնդում, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, համակարգը սպառել է իրեն։
-Այդ դեպքում բարեփոխումների իրականացումն էլ տրամաբանորեն հեռու չէ։ Պարտադրված, թե կամավոր, բայց իշխանությունը գնալու է այդ քայլին։
-Այն կարծիքին չեմ, թե այսօրվա համակարգը ինքնաբարեփոխվելու ներուժ ունի։ Այդպիսի բարեփոխում կարող են իրականացնել կա´մ իշխանությունից և օլիգարխիայից բացարձակապես դուրս գտնվող ուժերն ու գործիչները, կա´մ էլ իշխանության ներսում օլիգարխիական պայմանավորվածությունների շրջանակից դուրս մնացած, անկախ մարդիկ, եթե այդպիսիների գոյությունն այս համակարգում հնարավոր է։

Զրույցը` Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 6621

Մեկնաբանություններ